Ավինյանը Երևանի խցանումները թոթափելու համար լուծումներ է առաջարկել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մայրաքաղաքում մարդատար մեքենաների թվի արագ աճը պահանջում է երկարաժամկետ և համակարգված լուծումներ։ Այս մասին նա խոսել է ՀՀ կառավարության հունվարի 29-ին անցկացված նիստում։
Քաղաքապետարանը նախատեսում է երթևեկության կազմակերպումը բարելավել խելացի լուսացույցների միջոցով, որոնք կկառավարվեն արհեստական բանականությամբ։ Նախնական գնահատմամբ, դրանց ներդրումը կավարտվի մոտ մեկ–մեկուկես տարվա ընթացքում։
Հաջորդ քայլը լինելու է 18 մետր երկարությամբ 250 նոր ավտոբուսների գնումը, ինչը թույլ կտա կրճատել հանրային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը և կատարել արդյունավետ ռազմավարական պլանավորում։ Ավինյանը նաև նշել է, որ նախատեսվում է կառուցել Աջափնյակի մետրոյի կայարանը, որը մետրոյի օգտագործողների թիվը կավելացնի շուրջ 22 տոկոսով։ Հարկ է նշել, որ Աջափնյակի մետրոյի կառուցման համար նախատեսված 300 հազար դոլարը կառավարությունը դեկտեմբերի նիստում որոշել էր հետ վերցնել և օգտագործել այլ ծախսեր փակելու համար:
Նա ընդգծել է, որ մարդատար մեքենաների համար սահմանափակումները կկիրառվեն միայն այն ժամանակ, երբ վերգետնյա տրանսպորտի ամբողջական ռազմավարությունը կյանքի կկոչվի։ Տրոլեյբուսների նոր խմբաքանակի արտադրությունը ընթացքի մեջ է, և սպասվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում դրանք կլինեն մայրաքաղաքում։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ տրանսպորտային խցանումների խնդրի կարգավորման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը արդեն նախնական անելիքների ցանկ է կազմել, և դրանք կուղարկվեն քաղաքապետարան՝ հաջորդ շաբաթվա ընթացքում։ Խաչատրյանի խոսքով՝ խնդիրը հատկապես կապված է մարդկանց եկամուտների ավելացման և սեփական տրանսպորտային միջոցների աճող օգտագործման հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մայրաքաղաքում խցանումների խնդիրը կշարունակվի, սակայն այս գործընթացը կնպաստի նաև մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը, քանի որ որոշ քաղաքացիներ սկսում են բնակարաններ ձեռք բերել մայրաքաղաքի արվարձաններում և մարզերում, որտեղ խցանումներ չեն դիտարկվում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածության և տրանսպորտային խցանումների կարգավորման նպատակով մշակվում է օրենսդրական փաթեթ, որի մանրամասները այս պահի դրությամբ չեն հրապարակվում։
