Արթուր Աղաբեկյանի և Ռուբիկ Հակոբյանի գույքի բռնագանձման գործընթաց է սկսվել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումները՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։

Մասնավորապես, պահանջ է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրա փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 4 անշարժ գույքի գնման իրավունք, 1 անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեք, 3 տրանսպորտային միջոց, 4 իրավաբանական անձանցում մասնակցություն, 27 միլիոն 597 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում կամ հնարավոր չէ նույնականացնել։

Միևնույն ժամանակ դատարանը վարույթ է ընդունել նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Կարապետի Հակոբյանից և նրա փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման հայցը։ Հայցում ընդգրկված են 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք և 2 տրանսպորտային միջոց։

Մարինա Գրիգորյան