Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով դատարանում քննվել են իրեղեն ապացույցները
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստում այսօր իրականացվել է իրեղեն ապացույցների քննություն։ Դատարան են ներկայացվել բենզինի տարան, որը, ըստ գործի նյութերի, առնչվում է 15 զինծառայողի մահվան պատճառներին, ինչպես նաև դիզվառելիքով լցված այլ տարաներ և այլ ապացույցներ։
Դրանց ուսումնասիրությունից հետո տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարել է, որ դրանք ամրապնդել են իր նախկին համոզմունքը։ Նրա խոսքով՝ «Բյուրեղ» մակնշմամբ ջրի տարաներով զինված ուժերի համապատասխան ստորաբաժանում է մատակարարվել բենզին և դիզվառելիք, ինչը, ըստ դատարանում քննվող քրեական վարույթի, դարձել է ողբերգության պատճառներից մեկը։ Նա նաև նշել է, որ մինչ այժմ իրավական գնահատական չի տրվել վառելիքի տեղափոխման, պահպանման և անվտանգության ապահովման պայմաններին։
Փաստաբանը հավելել է, որ անհասկանալի է, թե ինչպես կարող էր զինված ուժերում բենզինի և դիզվառելիքի տեղափոխումն իրականացվել նման տարաներով, հատկապես՝ պլաստմասսե շշերով։ Նրա գնահատմամբ՝ առկա են ոչ միայն անփութության, այլև հանցավոր անգործության նշաններ։
Նորիկյանի խոսքով՝ ուշագրավ է նաև այն, որ դեպքի վայրից վերցված որոշ հագուստներ այրված չեն եղել, իսկ որոշների վրա նկատվել են մկրատով կտրվածքի հետքեր, որոնց առաջացման հանգամանքները դեռ պարզված չեն։
Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 20-ին, որի ընթացքում նախատեսվում է լսել մեղադրյալներին։
Հարկ է նշել, որ այս գործով առայժմ մեկ դատավաճիռ է կայացվել` 3 տարվա ազատազրկման է դատապարտվել վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը։

