Կեղծ «WhatsApp» հաշիվներով խոշոր գումարներ են հափշտակում․ Քննչական կոմիտեն արձագանքում է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը հայտնել է խարդախության նոր դեպքերի մասին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները քաղաքացիներին մոլորության մեջ գցելու նպատակով «WhatsApp» և այլ հարթակներում կեղծ օգտահաշիվներ են ստեղծում՝ օգտագործելով ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց տվյալներն ու տարբեր հեռախոսահամարներ։
Կեղծ օգտահաշիվներով նրանք հաղորդագրություններ են ուղարկում կամ զանգեր կատարում՝ ներկայանալով իբր Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության կամ Կենտրոնական բանկի աշխատակիցներ։ Այնուհետև նրանք մտացածին պատրվակներով մոլորության մեջ են գցում մարդկանց՝ պահանջելով վարկ վերցնել կամ կանխիկացնել ՀՀ տարբեր բանկերի իրենց հաշիվներում առկա գումարները և իբր դրանց անվտանգ պահպանությունն ապահովելու համար՝ ուղղորդում են QR կոդի մուտքագրման եղանակով, կրիպտոդրամապանակի օգտագործմամբ կամ այլ երկրներում բացված հաշվեհամարներին կատարել ուղիղ փոխանցումներ։ Հենց այդ տարբերակով նրանք խարդախությամբ տասնյակ քաղաքացիներից խոշոր և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ են հափշտակել։
Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն և նմանատիպ հաղորդագրություններ կամ հեռախոսազանգեր ստանալու դեպքում այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին՝ զերծ մնալով «խաբեության թիրախ» դառնալուց:

