Բացահայտվել են շնամարտի կազմակերպման հերթական դեպքերը
Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները բացահայտել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մի քանի դեպքեր, որոնք կապված են շնամարտի կազմակերպման հետ։
Փետրվարի 5-ին ոստիկանությունը ստացել է տեղեկություններ, որոնց համաձայն՝ 2025 թվականի ամռանը Պրիվոլնոյե գյուղի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել Պրիվոլնոյեի 17-ամյա և Մեդովկա գյուղի 18-ամյա բնակիչ երկու երիտասարդներ։ Մարտի արդյունքում շները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Մեկ այլ դեպք տեղի է ունեցել 2025 թվականի ձմռանը՝ Մեդովկա համայնքի հարակից դաշտում։ Այս անգամ շնամարտը կազմակերպել են Մեդովկա գյուղի 42-ամյա և Տաշիր քաղաքի 53-ամյա բնակիչ երկու տղամարդ։ Դեպքին մասնակցել է նաև Մեդովկա գյուղի 18-ամյա բնակիչը, որը շնամարտը նկարահանել է և տեսանյութը հրապարակել սոցիալական հարթակի իր էջում։ Այս դեպքով ևս շները վնասվածքներ են ստացել։
Երկու դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը, ՀՀ օրենսդրությամբ համարվում է քրեորեն պատժելի արարք։

