Հայաստանում YouTube-ից եկամուտ ստանալու հնարավորությունը կբացվի ապրիլի վերջին կամ մայիսին
Հայաստանում YouTube հարթակի դրամայնացման գործառույթը կակտիվացվի 2026 թվականի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։
Այս մասին Ազգային ժողով–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարության գործընկերները վերահաստատել են Google ընկերության՝ YouTube-ի վերաբերյալ նախկին հայտարարությունը։ Արդյունքում, նախատեսվում է, որ Հայաստանում կգործարկվի YouTube-ի գործընկերային ծրագիրը, որը թույլ կտա տեղական ստեղծագործողներին դրամայնացնել իրենց բովանդակությունը։
Հայրապետյանը նշել է, որ Երևանում կայացած Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովի ընթացքում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են նաև նոր ծրագրեր։ Նրա փոխանցմամբ՝ Firebird ընկերությունը ստացել է Սպիտակ տան թույլտվությունը՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնի նախագծի երկրորդ փուլը իրականացնելու համար։ Նախագծի ներդրումային ծավալը, որը նախապես հայտարարվել էր 500 միլիոն դոլար, կարող է հասնել շուրջ 4 միլիարդ դոլարի։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Shield AI ընկերության գործընկերները հայտարարել են անօդաչու թռչող սարքերի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։
YouTube-ի նախորդ հայտարարության համաձայն՝ հարթակը նախատեսում է գարնանից Հայաստանի օգտատերերին հնարավորություն տալ միանալ գործընկերային ծրագրին և դրամայնացնել իրենց բովանդակությունը։

