Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր և եղբորորդու կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով։ Որոշումը կայացրել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը:
Վերջինս բավարարել է պաշտպանների միջնորդությունը և որոշել, որ այս փուլում այլընտրանքային միջոցները բավարար են մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Երկուսի նկատմամբ էլ կիրառվել է տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով, 1 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։
Մինչև տնային կալանքի ժամկետի ավարտը դատարանն արգելել է Ներսիսյաններին շփվել վարույթին ներգրավված անձանց հետ և իրենց բնակության վայրում ընդունել այցելուների՝ բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների։ Նրանց արգելվել է նաև օգտվել կապի այլ միջոցներից, բացառությամբ շտապօգնության, իրավապահ և վերահսկող մարմիններին դիմելու դեպքերի։
Պաշտպանական կողմը դատարանում ներկայացրել է տեսագրություններ՝ պնդելով, որ դրանցում չեն երևում Ոսկեհատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի ունեցած միջադեպի շրջանակում խուլիգանական վարքագիծ կամ քարոզարշավի խոչընդոտում։ Պաշտպաններ Սմբատ Մինասյանը և Արա Զոհրաբյանը հայտարարել են, որ գործը հիմնավորված չէ։
Հանրային մեղադրողը, իր հերթին, առարկել է՝ նշելով, որ ապացույցների ամբողջ ծավալը դեռ չի ուսումնասիրվել, և վկաների լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտություն կա։
Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ին։ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները մեղադրվում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Նրանց ձերբակալել էին նոյեմբերի 2-ին, կալանավորել՝ նոյեմբերի 3-ին, իսկ նոյեմբերի 29-ին կալանքի ժամկետը երկարաձգվել էր երեք ամսով։

