Քաղաքացին կամավոր հանձնել է զենք-զինամթերք
Ոստիկանությունը երկու դեպք է գրանցել, երբ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել իրավապահներին։
Առաջին դեպքը Աշտարակ քաղաքում է եղել, որտեղ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնին զանգահարած անձը հայտնել է, որ ձորակում թողել է զենք-զինամթերք։
Նշված վայրում հայտնաբերվել են ատրճանակ, որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, և ինքնաձիգի 147 փամփուշտ։
Երկրորդ դեպքը գրանցվել է Շիրակի մարզում՝ Գյումրու գերեզմանատան հարակից տարածքում։
ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կիսաքանդ շինությունում թողել է զենք-զինամթերք։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հայտնաբերել են ատրճանակ, ինքնաձիգ, սվին-դանակ, նռնակի պայթուցիչ, պայթուցիչի քուղ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին, որոնք ապօրինի զենք-զինամթերք ունեն, կամավոր հանձնել դրանք՝ խուսափելու համար քրեական պատասխանատվությունից։

