Կոտայքում բացահայտվել են բնակարանային գողությունների դեպքեր

Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են մարզում արձանագրված բնակարանային գողությունների մի շարք դեպքեր։

Հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել, տեղեկացնելով, որ իր բացակայության ընթացքում անհայտ անձինք կոտրել են տան պատուհանը և գողացել 9 հազար ԱՄՆ դոլար։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ բնակարան ապօրինի մուտք գործելու և գողության հատկանիշներով։

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքում փետրվարի 6-ին ստացվել էին ևս երկու նմանատիպ ահազանգեր Վերին Պտղնի գյուղից։ Մի դեպքում տունը խառնված ու թալանված էր, մյուս դեպքում՝ գողությունը չէր հաջողվել։ Դեպքի վայրերում հայտնաբերված հետքերը հիմք էին տալիս ենթադրելու, որ գործել է առնվազն երկու անձ, և երեք դեպքերն էլ հնարավոր է կապված լինեն միմյանց հետ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները տեղեկություն են ստացել, որ բնակարանային գողություններն ու գողության փորձը կատարել են մայրաքաղաքի 31 և 27 տարեկան երկու բնակիչներ։ Փետրվարի 14-ին նրանք կենցաղային իրերի գողություն են կատարել նաև մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի մի տնից և գողոնը տեղափոխել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով։

Նույն օրն Արշակունյաց պողոտայում Կոտայքի մարզային քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են երեք անձի և տեղափոխել ոստիկանություն։

31 և 27 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ 

Մարինա Գրիգորյան