Կասեցվել է «Կարաս» հանրային սննդի օբյեկտի ևս մեկ մասնաճյուղի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «ԱՄՏՋ» ՍՊԸ-ին պատկանող Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում և արձանագրել սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ սննդի կառույցի պատերի մի մասը չի ունեցել հարթ մակերես և չի պատրաստվել անջրանցիկ, չներծծող նյութերից։ Առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հավանականությունը։
Բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ վիճակում, պատշաճ կերպով չի ախտահանվել և մաքրվել, ինչպես նաև չի պատրաստվել հարթ, մաքրվող և քայքայամաշման չենթարկվող նյութերից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։

