Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

.Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստում այսօր նիստը նախագահող դատավոր Լևոն Պետրոսյանը բավարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը։

Դատարանի որոշմամբ՝ պահպանվում են մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու և դատարանի պարտականությունները չկատարելու ռիսկերը, սակայն գործը դեռ գտնվում է նախնական դատալսումների փուլում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան և բերման ենթարկեցին Վարդան Ղուկասյանին, իսկ հոկտեմբերի 21-ին նա կալանավորվեց 2 ամսով։ Դեկտեմբերի 17-ին կալանքը երկարաձգվեց ևս 3 ամիսով։

Նախկինում Ղուկասյանին առաջադրվել էին նոր մեղադրանքներ՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարված խուլիգանության և այլ հոդվածներով: Դեկտեմբերի 30-ին նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը հայտնեց, որ երկու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է։