Պահանջել են քաղաքացուց քվեարկել նախընտրած կուսակցության օգտին

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։

Պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, այցելել են Ա.Հ.-ի բնակարան։ Տան բակում՝ աստիճանների վրա տեղի ունեցած խոսակցության ընթացքում, նրանք, ըստ նախնական տվյալների, բռնություն գործադրելու և գույքը վնասելու կամ ոչնչացնելու սպառնալիքներ են հնչեցրել՝ նպատակ ունենալով խոչընդոտել Ա.Հ.-ի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Ըստ քննության տվյալների՝ ամուսինները պահանջել են, որպեսզի քաղաքացին անձնագրով ներկայանա Տաշիր համայնքում գործող «Մեր ձևով» կուսակցության գրասենյակ, հաշվառվի որպես կուսակցության անդամ և 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրի իրենց թեկնածուին։ Հակառակ դեպքում նրանք սպառնացել են պայթեցնել նրա բնակարանը՝ այն ներկայացնելով որպես դժբախտ պատահար։

Վ.Կ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը։

Մարինա Գրիգորյան