Ծնողները պահանջում են 18-ամսյա ծառայության ժամկետը կիրառել նաև 2025-ի ամռանը զորակոչվածների համար
Երևանում՝ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիա են անցկացրել 2025 թվականի ամռանը զորակոչված զինծառայողների ծնողները՝ պահանջելով, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը տարածվի նաև իրենց որդիների վրա։
Ծնողները նշում են, որ գործող կարգավորմամբ նույն տարիքային խմբի երիտասարդները ծառայում են տարբեր ժամկետներով, ինչը, նրանց համոզմամբ, անհավասար պայմաններ է ստեղծում։ Նրանց խոսքով՝ իրենք դիմել են տարբեր պետական մարմինների և ստացել նույն պատասխանը, ըստ որի` օրենքը հետադարձ ուժ չունի։
Ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ նախկինում եղել են դեպքեր, երբ օրենքի փոփոխություններին տրվել է հետադարձ ուժ, և առաջարկում են կամ նույն մոտեցումը կիրառել նաև այս դեպքում, կամ գտնել այլ լուծումներ՝ օրինակ՝ ավելացնել արձակուրդների տևողությունը։
Ծնողների գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ զինծառայողների հոգեբանական վիճակի վրա, քանի որ ավելի ուշ զորակոչվածները ավելի շուտ են զորացրվելու։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2025 թվականի դեկտեմբերին ընդունել է օրենքի փոփոխություն, համաձայն որի՝ 2026 թվականի հունվարից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։

