Զինծառայողի մահվան գործով բժիշկը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ
Երևանի կայազորային հոսպիտալում բուժվող զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ մահը տեղի է ունեցել բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։
Նախաքննությամբ պարզվել է, որ հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի առողջական վիճակի լիարժեք գնահատում։ Արդյունքում ժամանակին չեն հայտնաբերվել մի շարք լուրջ ախտահարումներ, այդ թվում՝ երիկամային համակարգի խնդիրները և թոքային պաթոլոգիայի վատթարացումը։
Քննչական մարմնի տեղեկություններով՝ ոչ արդյունավետ բուժման հետևանքով ուշացել է նաև «Վեգեների գրանուլեմատոզ» հիվանդության ախտորոշումը։ Զինծառայողը ուշ է տեղափոխվել այլ բազմապրոֆիլ հիվանդանոց, որտեղ արդեն հաստատվել է նշված ախտորոշումը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի առթիվ բուժաշխատողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ներկայացնելու համար։

