
2025 թվականից կգործի հարկման ընդհանուր համակարգ
Կառավարության որոշմամբ 2025 թվականից հարկման համակարգը կդառնա ընդհանուր։ Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման հատուկ համակարգի կիրառության շրջանակի կրճատմանը։
Խնդիրներից մեկն այն է, որ մասնագիտական աշխատանք կատարողը, օրինակ, ուսուցիչը իր աշխատավարձից վճարում է ընդամենը 20% եկամտային հարկ։ Այլ աշխատանք կատարողը, օրինակ, անհատ ձեռներեցը կամ հարկ չի վճարում կամ վճարում է 5% հարկ շրջանառության հարկի համակարգում։
Մեկ այլ խնդիր է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում տնտեսվարող սուբյեկտների ձեռնարկատիրական հարկերից ազատված լինելը։
Հարկման տարբեր համակարգերի միջև գործարքների իրականացմամբ և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմամբ կիրականացվի հարկային պլանավորում՝ կկրճատվի վճարման ենթակա հարկերի իրական ծավալը։
Նախագծերով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից և շրջանառությամբ հարկվող հարկման համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։
Ֆինանսների նախարար Վահե Հովհհանիսյանը նշել է, որ այս ամենը վերաբերում է ինչպես իրավաբանական, հաշվապահական գործունեությանը, այնպես էլ կառավարման հարցերով խորհրդատվությանը, շենքերին և քաղաքացիական շինարարություններին, մասնագիտացված շինարարական գործունեությանը, անշարժ գույքի հետ գործառույթներին՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, տեխնիկական փորձարկումներին և վերլուծություններին, շուկայական իրավիճակի հետազոտությանը, մասնագիտական, գիտական և այլ գործունեոթյուններին, առողջապահությանը։
Այս քաղաքականության նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է։