
Երևանի մանկապարտեզներ անորակ սնունդ է մատակարարվել
Երևանի մանկապարտեզներ մատակարարվող հավի կրծքամսի և սերուցքային կարագի մեջ արձանագրվել են անհամապատասխանություններ։
«Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից մատակարարվող հավի կրծքամսի լաբորատոր փորձաքննությամբ արձանագրվել է լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն: Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր մոտ 3000 կգ հավի կրծքամիս և մոտ 850 կգ հավի ազդրամիս։
«Դեագա» ՍՊԸ-ի կողմից մատակարարվող սերուցքային կարագի մեջ փորձաքննության արդյունքներով արձանագրվել են մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ։ Երևանի 142 մանկապարտեզներում առկա էր մոտ 2270 կգ սերուցքային կարագ։
Նախկինում ևս այս ընկերությունների կողմից մատակարարվող սննդում եղել են տեխնիկական բնութագրի պահանջների անհամապատասխանություններ։
Ըստ քաղաքապետարանի՝ գրություններ են ուղարկվել Սննդի անվտանգության տեսչական մարմին
Հայտարարվել է սննդի մատակարարման մրցույթ։
Շուշան Ասրյան