
Ռուբեն Քոչարը խոսել է Երվանդ Քոչարի անհետացած գործերի մասին
Նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, և իրավաբան Տիգրան Աթանեսյանը խոսել են նախորդ օրը մամուլում տարածված հայտարարությունների մասին։ Ռուբեն Քոչարը մտահոգություն է հայտնել, որ թանգարանում ներկայացված գործերից որոշները իրական չեն։ Այդ թեմայով նրանք դիմել են ԿԳՄՍ նախարարություն։ Պարզվել է, որ ստուգումներ պարբերաբար արվել են թանգարանում։ Սակայն, ինչպես նշում է փաստաբանը, միշտ ինքնաստուգում է արվում և նախարարությանը տեղեկացնում, որ ամեն ինչ լավ է։
Այս համատեքստում նա անդրադարձել է Երվանդ Քոչարի «Ինքնանկարին»։
«Ինքնանկարը» ներքևի հատվածում ունի փայտե գիծ, որը նկարված է Քոչարի կողմից։ Հայրս մի անգամ ցույց տվեց, որ տակի փայտը ունի երկու մեխի անցք։ Այն նույնպես նկարված է։ Հայրս ինձ ասաց, որ Հայաստանում ոչ ոք չի կարող նման անցք նկարել։ Այսօր նկարի վրա բացակայում է այդ անցքը։ Եթե շրջանակը փոքր են արել և դրա համար է փակվել անցքը, դա էլ ուրիշ խնդիր է, — հայտարարել է Ռուբեն Քոչարը
Ինչպես նշեց իրավաբանը՝ անհետացել են «Երեքը սրճարանում», «Դիմակով մարդը», «Պատուհանի մոտ», «Հերարձակ կին», «Կոմպոզիցիա․ դուդուկ» և այլ գործեր։ Վերջինս գտնվել է Մոսկվայում։ Ինչպես նշեց Քոչարը՝ այն թանգարանին է նվիրաբերել մոսկվաբնակ գործարար Էմիլ Սարգսյանը։
Թանգարանը Քոչարի մահից հետո բացել է կինը՝ Մանիկ Մկրտչյանը։ Նա որդիներին առաջարկել է նկարները պահ տալ թանգարանին, որոնք Քոչարը ժառանգել էր նրանց։ Ռուբեն Քոչարը թանգարանին է հանձնել 21 գործ։
Երբ մոտեցավ Քոչարի 125-ամյա այս հոբելյանական տարին և ես որոշեցի, մեծ քայլեր ձեռնարկեցի, որպեսզի Երվանդ Քոչարի գործերը հանենք դուրս Հայաստանից։ Հայաստանում մենք բոլորս տեսնում ենք, գիտենք։ Երբ հասկացա, որ պետական գործերը հանելը դժվար է, ես ասացի իմ գործերը կհանեմ, կցուցադրեմ։ Սակայն երբ գնացի թանգարան, ինձ ասացին, որ մեկ շաբաթ սպասեմ։ Դրանից հետո Լալան և Կարինե Քոչարները ինձ տվեցին մի ցուցակ։ Գունավոր լուսանկարներ էին, որոնց մոտ նշված էր, որ այս-այս գործերը չկան, — նշել է նկարչի որդին։
Քոչարը հայտարարել է, որ չի պատրաստվում գործերը հետ վերցնել թանգարանից։ Այնուամենայնիվ նրանք դիմել են Պետական վերահսկողական ծառայություն՝ խնդիրը լուծելու նպատակով։