«Ակնհայտ է, որ նոր ատոմակայան պետք է կառուցել Հայաստանում»․ Գնել Սանոսյան
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խոսել է Հայաստանի էներգետիկ համակարգի մասին։ Նա ներկայացրել է վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ Հայաստանում արտադրվող էներգիայի մոտ 40 տոկոսը արտադրում է ատոմակայանը, 30 տոկոսը՝ ջէկ-երը, 20 տոկոսը՝ հէկ-երը և մոտ 10 տոկոսը՝ արևային կայանները։ Վերջիններս սկսել են նոր զարգանալ և եթե մի քանի տարի առաջ Հայաստանը այս ոլորտում հաջողություններ չուներ, ապա այսօր արդեն աստիճանաբար մեծանում է արևային կայանների դերը։
Մեր երկրի էներգետիկ համակարգը նրանով է լավ, որ մեկ ուղղությամբ շատ մեծ կախվածություն չունենք։ Այս դրական կողմը բերել է մեզ այն եզրակացության, որ ակնհայտ է, որ նոր ատոմակայան պետք է կառուցել։ Բայց պետք է կառուցել այն չափի ատոմակայան, որը այնքան մեծ չի լինի և չի կլանի ամբողջ էներգետիկ համակարգը։
Նախարարը նշել է, որ գործող ատոմակայանի ժամկետը պետք է երկարացնել մինչև 2036 թվական։ Մինչ այդ՝ կկառուցվի նոր ատոմակայանը, որը կունենա 400-600 մեգավատտ հզորություն։ Նա անդրադարձել է նաև էլեկտրաէներգիայի արտահանման խնդիրներին և նշել, որ ապագայում ցանկանում են դրանց ծավալը ավելի մեծացնել։
Ներկայումս տվյալ ոլորտում Հայաստանը արտահանումներ է իրականացնում դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, որի հետ կնքվել է երկկողմ պայմանագիր։