Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու մեջ։ Պետությանը պատճառված մոտ 6 միլիոն դրամի վնասը վերականգնվել է։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, 2013 թվականին համայնքում գտնվող հողամասը օրենքի խախտմամբ դուրս է բերել համայնքի հաշվեկշռից և գրանցել եղբոր անունով։ Այդ հողամասը նախատեսված էր բջջային կապի կայան տեղադրելու համար։

Հետագայում կազմակերպվել է աճուրդ, որի արդյունքում հողամասը վաճառվել է համայնքի ղեկավարի եղբորը։ Դրանից հետո եղբոր և ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր։ Ավելի քան 5 միլիոն 900 հազար վարձավճարը փոխանցվել է նախկին ղեկավարի և նրա եղբոր բանկային հաշիվներին, սակայն ամբողջությամբ տնօրինվել է նախկին ղեկավարի կողմից։

Համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը օրինականացնելու մեջ։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ անշարժ գույքն արգելադրվել է, իսկ պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։