ՀայաստանՌազմական

Հանձնաժողովը մերժեց պարտադիր զինծառայությունից գումարի դիմաց ազատման առաջարկը

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատման նախագծին։

Քվեարկության արդյունքներով՝ 4 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայներով հանձնաժողովը մերժել է նախագիծը։

Հանձնաժողովի նիստի ժամանակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորել է նախագիծը հետ կանչել և ներկայացնել աշնանային նստաշրջանում, սակայն Սարգսյանը հրաժարվել է՝ նշելով, որ նախաձեռնությունը երկար ժամանակ է, ինչ քննարկման փուլում է։

Ըստ առաջարկի՝ զինծառայողները կարող են 24 ամիս ծառայել բանակում և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Նախագծի որոշ դրույթներ վերաբերում են ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց վերադարձին և ծառայությունից խուսափելու իրավական հետևանքների վերանայմանը։

Չնայած բացասական եզրակացությանը՝ Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ նախագիծը հունիսի 17-ին կմտցվի Ազգային ժողովի օրակարգ։

Հարկ է նշել, որ այս ծրագրին դեմ է արտահայտվել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։  Նա նշել էր, որ գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման։