ԱշխարհՔաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսականները երկրի ղեկավարությանն են դիմել՝ պահանջելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել

ԱՄՆ 60 կոնգրեսականներ դիմել են երկրի ղեկավարությանը և պահանջել ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ պատերազմական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Կոնգրեսականները նշել են, որ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը, Լաչինի միջանցքի 10 ամիս տևած շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումները բացահայտորեն խախտել են միջազգային իրավունքը։

Կոնգրեսի նամակը ղեկավարում են Ֆրենկ Փալոնը և սենատոր Մարքին՝ կոչ անելով վարչակազմին COP29-ում առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին։

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է կալանքի տակ պահել առնվազն երկու տասնյակ հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների։ Շատերի մասին էլ տեղեկություններ չկան։ Միջազգային իրավապաշտպան խմբերը, ինչպես օրինակ Human Rights Watch-ը, բազմիցս անդրադարձել են հայ գերիների խոշտանգումներին և 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած պատերազմական հանցագործություններին։