ՀՀ ԱԳՆ-ն քննարկում է Մերձավոր Արևելքի երկրների միջոցով քաղաքացիների վերադարձը Հայաստան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քննարկումներ է իրականացնում FlyOne, FlyDubai, Air Arabia և Qatar Airways ավիաընկերությունների հետ՝ հնարավոր թռիչքների կազմակերպմանը և դրանց իրականացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով, համապատասխան քննարկումներ են ընթանում նաև Մերձավոր Արևելքի երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտ գործընթացները դյուրացնելու նպատակով։ Կատարվել է նաև աղաքացիների կարիքների գնահատում։
Մերձավոր Արևելքի երկրներում, այդ թվում Իրանում և Իսրայելում, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով։ Նույնը վերաբերում է նաև այն երկրներին, որտեղից ՀՀ քաղաքացիները պետք է վերադառնային տարանցիկ չվերթով։
Բադալյանը նշել է, որ այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան։
ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ հրապարակել է այն հեռախոսահամարները, որոնցով անհրաժեշտ է կապ հաստատել տեղեկությունների համար։
— Իրան: +98 902 0059927
— Իսրայել: +972 58 607-0313 (նաեւ WhatsApp), +972 585811144
— ԱՄԷ: +971 506144624, +971 509367385; Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն: +971 58 567 0993
— Քուվեյթ: +965 25322175, +965 90065454, +965 25322174
— Օման: +968 93812337
— Կատար: +974 44919232, +974 33303979
— Լիբանան: +961 3 157 305, +961 3 536 041
— ՀՀ ԱԳՆ: +374 55 620111 (նաև WhatsApp)
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով վնասվել էր Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։

