Որքա՞ն միս են առգրավել մսավաճառներից ու որքա՞ն կորուստ ունեցան նրանք
Երևանի «Գումի» շուկայում լարված իրավիճակ է վաղ առավոտից։ Մսավաճառների գործունեությունը վերահսկելու նպատակով ՍԱՏՄ ներկայացուցիչները եկել են շուկա։ Նրանք առգրավել են մսավաճառների միսը։ Նշում են, որ վաճառքն իրականացվում է նորմերի խախտումներով։
Բախումներ են եղել մսավաճառների ու ոստիկանների միջև։ Շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել։ Եկել են նաև կարմիր բերետավորները։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է այրման եղանակով ոչնչացման։
Մսի միջին արժեքը Հայաստանում, ըստ մի քանի սուպերմարկետների և խանութների, տատանվում է 3000-3500 դրամի սահմաններում։ Առգրավել են շուրջ 3 մլնից 3,5 մլն դրամի միս։ Քաղաքացիները դժգոհում են, թե ուր են տանում իրենց միսն ու վառում։
Վեդի համայնքի մսավաճառները համաձայն են օրենքով աշխատելուն, սակայն պահանջում են, որ իրենց համայնքում լինի սպանդանոց, որ նման խնդիրներ չլինեն։