
Աղի օգտագործումը սահմանափակող օրենքը կլինի՞
Հայաստանի չափահաս բնակչության 35 տոկոսը սնվելիս հաճախ աղ է ավելացնում սննդին, 71 տոկոսն էլ տանը ճաշ պատրաստելիս է չարաշահում աղի օգտագործումը: Մասնագետները շեշտում են, որ մարդու օրգանիզմի համար օրական անհրաժեշտ չափաբաժինը 5 գրամն է: Մեր երկրում այդ ցուցանիշը կրկնակի ավելի է:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել է աղի չափաքանակի կրկնակի օգտագործումից՝ նշելով, որ Հայաստանում սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան դեպքերն ամենաշատն են, և աղի օգտագործումը դրա հիմնական պատճառներից մեկն է։
Լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք։ Այս պահին անընդհատ իրազեկելու, տեղյակ պահելու ճանապարհով ենք գնում, բայց նաև աշխատանքներ ենք տանում հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի իրենք իրենց սննդի մեջ չափաքանակները վերանայեն։
Ավանեսյանը նշել է, որ նախևառաջ փոխել են երկու ամենակարևոր ապրանքների՝ հացի և պանրի մեջ եղած աղի չափաքանակը։ Ավանեսյանը հավելեց, որ այս պահին օրենքի կամ կառավարության որոշման նախագծի քննարկման փուլում են։
Նախարարը կարծում է, որ կարող է կիրառվել շատ երկրների օրինակը։ Մի շարք երկրներում Առողջապահության նախարարությունները տալիս են առողջ սննդի օբյեկտներին խրախուսիչ տարբերանշաններ, որը որպես գովազդային միջոց ևս կարելի է դիտարկել։ Սա ցույց է տալիս, որ օբյեկտը հետևում է շատ ավելի բարձր ստանդարտների, ավելի առողջ սննդակարգի կողմնակից է։
Սպասվում է, որ նախարարությունը կգնա խրախուսողական ճանապարհով, հաջորդիվ վարչարարական գործիքներ կկիրառի կամ չեն կիրառի։