
Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանի դպրոցներում ֆրանսերենի ուսուցման նպատակով
Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ստորագրել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանն ուղղված փաստաթղթեր։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից։
Միջոցառման ժամանակ Ֆրանսիային դեսպանը տեղեկացրել է, որ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որակի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով:
«Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ըստ նրա՝ ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների ձևավորված համայնքին նպաստել է Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությունը։
«Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ»,- ասված է գրառման մեջ։
Ուսուցման 225-ժամյա փորձնական ծրագիր կիրականացվի ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի շուրջ 30 ուսուցիչների համար, որոնք հետագայում կդառնան իրենց գործընկեր ուսուցիչների վերապատրաստողներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:
Նախարարն անդրադարձել են նաև 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին։
Ըստ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:
Երեկ Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել էր մի քանի ոլորտներում ներդրումների մասին, այդ թվում 29 մլն եվրո մարդասիրական օգնություն փախստականների կարիքների համար։
Շուշան Ասրյան