
Դատարանը մասնակիորեն բավարարել է Երևանի քաղաքապետի հոր դեմ ներկայացված հայցը
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հուլիսի 4-ին մասնակի բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ։ Դատարանը որոշել է, որ վերջինս պետք է հնչեցրած վիրավորանքի դիմաց փոխհատուցի 250,000 դրամ։
Այս գործը սկսվել էր դեռևս 2024-ի դեկտեմբերին, երբ Արմեն Ավինյանի հնչեցրած արտահայտությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ։ Լրագրողի հարցին, թե արդյոք «կարմիր գծերի» վճարը պետք է թանկացվի, Ավինյանը պատասխանել էր.
«Պտի 500,000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե, ամեն իրա գեղի Օպելով»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակային ներողություն խնդրեց հոր խոսքերի համար՝ նշելով, որ այդ տեսակետները չեն արտահայտում իր անձնական կամ քաղաքապետարանի դիրքորոշումը։
Սակայն ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանի համար այդ խոսքերը անձնական վիրավորանք էին։ Նա, լինելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, դիմել էր դատարան՝ պահանջելով 500,000 դրամ փոխհատուցում։
Դատարանը մասնակիորեն բավարարել է հայցը՝ գտնելով, որ հնչեցված արտահայտությունը, թեև ուղղված չի եղել կոնկրետ մեկին, համատեքստով հստակ վիրավորանք է հանդիսանում։
Դատական ակտում ասվում է․
«Պատասխանողի կողմից հրապարակային կերպով կատարված արտահայտությունը ողջամտորեն կարող էր ընկալվել որպես վիրավորական՝ հատկապես այն անձանց համար, ովքեր վարում են «Օպել» մակնիշի ավտոմեքենա»։
Դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ տեսանյութն ունեցել է լայն դիտումներ, և այս խոսքերը կարող էին իրական վնաս պատճառել քաղաքացու արժանապատվությանը։
Արմեն Ավինյանի փաստաբանական թիմը դեռևս չի հայտնել, թե արդյոք վճիռը կբողոքարկվի։ Այն կարելի է վերաքննարկել մեկ ամսվա ընթացքում Վերաքննիչ դատարանում։