ՀայաստանՍոցիալական

ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործով արձանագրել է ՀՀ իշխանությունների խախտումները․ զոհվածների հարազատներին կվճարվի փոխհատուցում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը՝ Մարտի 1-ի դեպքերում զոհված ինը քաղաքացիների գործի վերաբերյալ։ Դատարանը արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհերի կյանքի իրավունքը և չեն իրականացրել լիարժեք ու արդյունավետ քննություն։

Վճռի համաձայն՝ Սամվել Հարությունյանի և Զաքար Հովհաննիսյանի դեպքերից բացի, մնացած բոլոր զոհերի մահվան համար պատասխանատվությունը դրվել է պետության վրա։ Բացի այդ, արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, քանի որ Հայաստանի իշխանությունները պատշաճ կերպով չեն համագործակցել դատարանի հետ։

ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ զոհված քաղաքացիների հարազատներին պետք է վճարվի 30-ական հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Դատարանը նաև Հայաստանից պահանջել է տրամադրել լրացուցիչ 35 հազար եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար։

Այսպիսով՝ Եվրոպական դատարանը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները պատասխանատու են Մարտի 1-ի դեպքերի ընթացքում տեղի ունեցած խախտումների համար։

Սեդա Մարտոյան