Հայաստանը բարելավել է դիրքերը Henley & Partners անձնագրերի ինդեքսում
Հայաստանը 2026 թվականի անձնագրերի գլոբալ վարկանիշում առաջ է շարժվել՝ բարելավելով իր դիրքը: Henley & Partners-ի կազմած «Global Ranking 2026» զեկույցի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 74-րդ տեղի համեմատ:
Henley & Partners-ի անձնագրերի ինդեքսը ցույց է տալիս, թե տվյալ երկրի անձնագիր կրող քաղաքացին քանի երկիր կարող է այցելել առանց վիզայի։ 2026 թվականի ինդեքսը ներառում է 199 երկրի անձնագրեր և 227 ճանապարհորդական ուղղություններ։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի անձնագիր ունեցող քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել աշխարհի 66 երկիր, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 68։
Տարածաշրջանային համատեքստում առաջատարը Վրաստանն է՝ 42-րդ հորիզոնականով։ Թուրքիան և ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը կիսում են 46-րդ տեղը։ Ադրբեջանը գտնվում է 67-րդ, իսկ Իրանը՝ 92-րդ հորիզոնականում։
ԵԱՏՄ երկրների շարքում Բելառուսը զբաղեցնում է 60-րդ, Ղազախստանը՝ 61-րդ, իսկ Ղրղզստանը՝ 75-րդ հորիզոնականը։
Հարկ է նշել, որ ցուցակի առաջին հորիզոնականում Սինգապուրն է, որի քաղաքացիները առանց վիզայի կարող են 192 երկիր գնալ։
