
Քննարկվել է «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային նախագիծը
Այսօր Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային և շարժունության նախագիծը։
Նախագծով առաջարկվում է ծառայությունները ձեռք բերել իտալական «Սիստեմատիկա» ընկերությունից։ Նախարարը նշեց, որ նմանատիպ ակադեմիական քաղաքների հաջողության հիմնական պայմանը նրանց տրանսպորտային կապվածության և շարժունության հնարավորություններն են։
Վարչապետն անդրադարձավ «Ակադեմիական քաղաք» սահուն և առանց խցանումների հասնելու խնդրին։
Մենք ուզում ենք հիմնական տրանսպորտային ուղևորափոխադրող միջոց դարձնենք երկաթուղին եւ երկաթգծի կայարանը և հիմա արդեն գիտեք, որ մենք փորձ ենք արել և այսօրվա ենթակառուցվածքներով Սասունցի Դավիթի կայարանից մինչև ակադեմիական քաղաքի տարածք 25 րոպե է տևել այսօրվա դանդաղ ընթացքով, ինչը նշանակում է, որ համապատասխան զարգացումների, շարժակազմերի և ռելսերի բարելավման արդյունքում այդ ճանապարհը էականորեն կարող է կրճատվել։
Վարչապետը խոսեց հետագայում մետրոյի «Ակադեմիական քաղաք» կայարանի կառուցման մասին։
Երևանում կունենանք մետրոյի շրջանաձև երթևեկություն, այսինքն՝ մեզ հայտնի վերջին կանգառ հասկացությունը, ըստ էության, կարող է վերանալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավտոմոբիլային տրանսպորտ «Ակադեմիական քաղաքի» ներսում շահագործել նախատեսված չէ։ Նախագիծը ձևավորված է այնպես, որ քաղաքի մի կետից մյուսը հետիոտն եղանակով 15 րոպեում հնարավոր լինի անցնել։
Շուշան Ասրյան