Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ Խաղաղության հիմնադրամի երրորդ աջակցության ծրագրի համար
Հայաստանը դիմել է Եվրոպական միության Խաղաղության հիմնադրամին՝ աջակցության երրորդ ծրագրի համար։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ արդեն տրամադրվել է աջակցության երկրորդ փաթեթը, իսկ այժմ Հայաստանը ներկայացրել է հայտ երրորդ ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստանալու համար։
Նշվում է, որ առաջին ծրագրով Հայաստանը ստացել էր 10 միլիոն եվրո, երկրորդով՝ 20 միլիոն եվրո աջակցություն։
Միրզոյանը նաև ընդգծել է, որ վերջին շրջանում ընդլայնվել է համագործակցությունը Եվրոպական միության հետ պաշտպանական և անվտանգության ոլորտներում։ Մասնավորապես՝ մեկնարկել են անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդակցությունները։
Արտգործնախարարը հիշեցրել է նաև, որ ուժի մեջ է մտել համաձայնագիր, որով սահմանվում է Հայաստանի մասնակցությունը ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին։ Դա հնարավորություն է տալիս Հայաստանին ներգրավվել եվրոպական քաղաքացիական առաքելություններում։
Միաժամանակ նշվել է, որ առաջիկայում սպասվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, ինչպես նաև կկայանա Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթաժողովը։

