ԱշխարհՊատահար

Լիբանանում փեյջերների պայթյունի հետևանքով վիրավորների և մահացածների թիվը ավելացել է

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում տեղի ունեցած փեյջերների պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Հաղորդվում են 4000 վիրավորների մասին, որոնցից 400-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ «Հըզբոլլահի» անձնական զանգերի ընդունիչների մեջ եղած պայթուցիկները հիմնականում պայթել են մարդաշատ վայրերում։ Վիրավորների շարքում է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։ Վերջինս, ըստ IRNA լրատվամիջոցի, ստացել է մակերեսային վնասվածքներ։

Պայթումները տեղի են ունեցել Բեյրութի հարավային արվարձաններում, Բեքաայի և հարավային Լիբանանի մեջ։ Սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ այնտեղ գտնվող «Հըզբոլլահի» անդամների փեյջերները նույնպես պայթել են։

CNN-ը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ պայթյունները Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսադի և իսրայելական բանակի համատեղ գործողության արդյունք են։ Սակայն Իսրայելը որևէ մեկնաբանություն չի տվել։ Իրանը նույնպես դատապարտել է այդ գործողությունները՝ այն որակելով որպես «իսրայելական ահաբեկչություն»:

«Հըզբոլլահի» ներկայացուցիչները խոստացել են վրեժ լուծել Իսրայելից՝ «հանցավոր ագրեսիայի համար, որը թիրախավորել է նաև խաղաղ բնակչությանը»։

Սաթենիկ Ավետիսյան