ԳործարարությունՍփյուռք

Սփյուռքի ձեռներեցները Հայաստանում կմասնակցեն «Ներուժ 5․0» տեխնոլոգիական ստարտափին

Սփյուռքի մոտ 35 հայ ձեռներեցներ Հայաստանում կցուցադրեն իրենց տեխնոլոգիական նորարարությունները և կփորձեն դրանք կիրառել կայուն բիզնեսի զարգացման համար։ Ծրագիրը 2018 թվականից ի վեր իրականացվում է 5-րդ անգամ։ Տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մի շարք ձեռներեցներ և ոլորտի առաջատար մասնագետներ՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար։

Այն հնարավորություն է սփյուռքահայերի մասնագիտական հայրենադարձության համար։ Ծրագրի շրջանակներում թիմերը դրամաշնորհային ծրագրեր կարող են ներկայացնել։ Սակայն գլխավոր պայմաններից մեկն այն է, որ թիմի գոնե 50%-ը լինեն սփյուռքահայեր և պատրաստակամություն հայտնեն դրամաշնորհ ստանալու դեպքում մնալ Հայաստանում, հիմնել ընկերություն և 1 տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ։

Այս տարի ծրագիրը 20 երկրից ստացել է 64 հայտ, որոնցից ընտրվել են 28 ստարտափներ 16 երկրներից (Ռուսաստան, Վրաստան, Լիբանան, Քուվեյթ, Հունաստան, Լատվիա, Չեխիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա և Արգենտինա)։

«Ներուժ 5․0» տեխնոլոգիական ստարտափ ծրագրի 6-օրյա միջոցառումը սկսվել է սեպտեմբերի 24-ին։ Պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Սաթենիկ Ավետիսյան