ՀայաստանՄշակույթ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Սնուփի Դոգի չկայացած համերգի հետ կապված

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել դեռևս նախորդ տարի Սնուփ Դոգի Երևանում կայանալիք, բայց այդպես էլ տեղի չունեցած համերգի ֆինանսավորման վերաբերյալ։ Որոշումը քննարկվել է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ին կայացած քննարկման ժամանակ։ Մասնավորապես՝ հանձնաժողովի համակենտրոնացումների և պետական օժանդակության գնահատման բաժնից զեկուցագիր է ստացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրման առնչությամբ։

ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականի օգոստոսին Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար մոտ 6 միլիոն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ դրամաշնորհի տեսքով։ Բացի այդ՝ ռեփերը նույնպես ամբողջական հոնորար էր ստացել, որը այդպես էլ հետ չի վերադարձրել։

ՄՊՀ-ն նշել է, որ օժանդակության տրամադրման հարցում ընտրողականություն է դրսևորվել։ Ծրագրի իրականացումը վստահվել է միայն մեկ կազմակերպության, որը ընտրվել է ոչ մրցութային կարգով։

Բացի այդ՝ տոմսերի վաճառքից գոյացած հասույթը ամբողջությամբ տնօրինելու է միայն միջոցառումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտը։ Ըստ ՄՊՀ-ի որոշման՝ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված պետական ֆինանսավորումը օրենքի իմաստով հանդիսանում է պետական օժանդակություն, որն առերևույթ կարող է պարունակել արգելված պետական օժանդակության տրամադրման հատկանիշներ: Հենց այդ պատճառով էլ հանձնաժողովն անհրաժեշտ է համարում տնտեսական մրցակցության բնագավառում արգելված պետական օժանուկության տրամադրման հանգամանքները պարզելու նպատակով հարուցել վարույթ։

Սեպտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է համերգի մասին և նշել, որ խնդրել է «Դոփինգ Սփեյս» ընկերությանը ներկայացնել համերգի կայանալու մոտավոր ժամկետները․

«Համերգի անցկացման շուրջ բանակցությունները և կազմակերպչական աշխատանքն ամբողջությամբ իրականացնում է  կազմակերպող ընկերությունը։ Մենք նրանցից պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները, ինչպես նախատեսված էր պայմանագրով։ Սպասում ենք նրանց արձագանքին։ Ելքը կարող է երկուսը լինել՝ կամ օրը կհամաձայնեցնեն և համերգը տեղի կունենա։ Եթե համաձայնության չգան և համերգը տեղի չունենա, ամբողջ պայմանագիրը կլուծարվի և բոլոր գումարները կվերադարձվեն»։

Ռեփեր Սնուփ Դոգի համերգը պետք է տեղի ունենար 2023 սեպտեմբերի 23-ին։ Սակայն Արցախում տեղի ունեցած սեպտեմբերյան էթնիկ զտումներից հետո համերգը անորոշ ժամանակով հետաձգվել է։