ԱշխարհՔաղաքականություն

Հռոմի պապը կաթոլիկներին կոչ է արել ընտրել «չարյաց փոքրագույնին»

Հռոմի Ֆրանցիոսկոս պապը ուրբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում կաթոլիկներին կոչ է արել ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրել «չարյաց փոքրագույնին»։ Նա անուններ չի տվել, բայց ակնարկել է նրանց՝ անդրադառնալով աբորտների և միգրանտների վերաբերյալ թեկնածուների հայտարարություններին։

«Միգրանտներին վտարելը, նրանց կյանքի իրավունք չտալը զզվելի և չար արարք է։ Երեխային արգանդից հանելը սպանություն է, որովհետև կյանք կա։ Նրանք երկուսն էլ դեմ են կյանքին։ Լինի դա նա, ով վռնդում է ներգաղթյալներին, թե նա, ով սպանում է երեխաներին», — ասել է Հռոմի պապը։

Թրամփը իր նախընտրական քարոզարշավներում բազմիցս հայտարարել է, որ դեմ է անօրինական ներգաղթներին և նախագահ դառնալուց հետո միլիոնավոր ներգաղթյալների կարտաքսի։

Հարիսը խոստացել է պաշտպանել հղիության արհեստական ընդհատումներ իրականացնող կանանց։

Երկու թեկնածուների այս հայտարարությունները Հռոմի պապը «կյանքին դեմ» է որակել, բայց կոչ արել կաթոլիկներին, անպայման մասնակցել նոյեմբերին կայանալիք ընտրություններին։

«Չքվեարկելը անընդունելի է։ Դուք պետք է քվեարկեք և ընտրեք չարյաց փոքրագույնին։ Ո՞վ է նրանցից չարյաց փոքրագույնը, չգիտեմ»։

ԱՄՆ-ում ընտրության իրավունք ունեցող կաթոլիկների թիվը հասնում է 52 միլիոնի։