ՀայաստանՄշակույթ

Տեղի ունեցավ Մյուռոնօրհնեքի արարողությունը

Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունն ավարտվեց, որը տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ։ Մյուռոնօրհնեքի արարողությունը կատարվեց Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ հղեց մյուռօրհնության արարողության առիթով։ Արարողության կնքահայրը գործարար Սամվել Կարապետյանն էր։

«Հայրապետական Մեր հորդորն ու պատգամն է աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ մյուռոնադրոշմ պահել մեր կյանքի ընթացքը, հաստատուն մնալ մեր պետության շահերի պաշտպանության դիրքերում և չվտանգել ազգի ապագան, քանզի ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող ուրանալ անկախ հայրենիք ունենալու իր հայրերի երազները, հրաժարվել սեփական պատմությունից։ Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը։ Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող անարգել ու արհամարհել հայրենակից ու բարեկամ իր քույրերին ու եղբայրներին, քանզի ասված է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհ. 4.20): Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, կոչված է դառնալու ճշմարտության առաջամարտիկ, բարիքի կերտող և սիրո քարոզիչ։

 Եվ վերջապես, ով օծված է Սրբալույս Մյուռոնով, նա երկյուղած պիտի լինի միայն ու միայն Աստծուց, և աներկյուղ՝ թշնամիների ու սպառնալիքների առջև, քանզի, ինչպես ասում է Սուրբ Առաքյալը, «Աստծո տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթ. 1.25)։ Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, սիրելի արցախահայեր, աննկուն և անվհատ դիմագրավեք նեղություններն ու դժվարությունները։ Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ։ Ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու ձեր իրավունքի պահանջատիրության մեջ։ Այս սուրբ խորանից Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ հայցելով, որ երկնային շնորհները հեղվեն ձեր կյանքից և ընտանեկան հարկերից ներս։ 

Որպես Հայրապետ Ամենայն Հայոց՝ հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին, մեր լուսավոր ու հաղթական գալիքին: Մյուռոնօրհնության հոգենորոգ այս առիթով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում արարողությանը մասնակից եկեղեցական, պետական, քաղաքական, դիվանագիտական գործիչներին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրյալ ազգային բարերարներին և ուխտավոր հավատացյալներին։ Հայրապետական Մեր բարձր գնահատանքն ենք հայտնում Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնած ազգային մեծ բարերար տիար Սամվել Կարապետյանին, ով իր նշանակալի ավանդն է բերել ազգային և հայրենական մեր կյանքի շենությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը։ Աստծո ամենառատ օրհնություններն ու մշտանորոգ հաջողություններ Ձեզ, սիրելի բարերար տիար Կարապետյան, և Ձեր բարեպաշտ ընտանիքին։ 

Աղոթում ենք Երկնավոր մեր Հորը, որ Սուրբ Հոգու շնորհներով աշխարհում առատանան հավատո գործերը, սերն ու բարին, և զորանան խաղաղության ու համերաշխության ուղիները։ Թող Սուրբ Հոգու շնորհաց հանապազ հեղումով անվտանգ ու աներեր լինի մեր հայրենիքը, բարեզարդ՝ համայն մեր ժողովրդի կյանքը, պայծառ ու անսասան՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին։ Թող Սուրբ Մյուռոնի կենարար լույսով հավերժաշող մնա Լուսավորչի կանթեղը հայոց աշխարհում այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»։

Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։