Եռաբլուրում կկառուցվի «Արցախի կանչը» հուշակոթող
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր տեղի է ունեցել «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման արարողությունը։ Կոթողը կառուցվելու է շուրջ 500 քմ տարածքի վրա և ունենալու է շուրջ 6 մ բարձրության։
Հուշակոթողը հնարավորինս պարզ ենք ընտրել։ Սա ի սկզբանե խնդիր է եղել, որ մեր ժողովրդի պարզությունը արտացոլենք ճարտարապետությունում, — ասել է ճարտարապետ Միքայել Սարգսյանը։
Կոթողը արցախյան 4 պատերազմների և սեպտեմբերի 25-ի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի և Արցախում բոլոր հուղարկավորվածների հիշատակն է ամփոփելու։ Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել նաև զոհված զինծառայողների հարազատները և Արցախի քաղաքացիները, ովքեր կարևորել են հուշակոթողի բացումը՝ այն համարելով սփոփանք։
Հուշակոթողը կառուցվելու է Ստեփանակերտի հուշակոթողի նմանությամբ։ Ծրագրի նախաձեռնողը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է։ Հովանավոր-բարերարի անունը հայտնի չէ։