ԱշխարհՌազմական

Իրան, Եմեն, Սիրիա, Իրաք, Պաղեստին, Լիբանան․ Իսրայելը շարունակում է պատերազմել

Համասի հարձակումը Իսրայելի վրա նոր փուլի մեկնարկը դարձավ Մերձավոր Արևելքում։ Այս հարձակումից հետո Իսրայելը լայնամասշտաբ գործողություններ սկսեց Գազայի հատվածում։ Հետագայում պատերազմը տարածվեց տարածաշրջանի այլ երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Եմենում:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի տարածքից ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա։ Շուտով հարձակմանը միացան նաև «Հըզբոլլահ»-ը և հութիները։ Պատերազմը մինչ օրս շարունակվում է։ Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորել է նաև ՀԱՄԱՍ-ի թունելները, զինանոցները և պաշտպանական կետերը Գազայում։ Նա շարունակաբար հարվածներ է հասցնում նաև Սիրիային և Իրաքին՝ արգելելով նրանց զենք մատակարարել ՀԱՄԱՍ-ին։

Այնուամենայնիվ պատերազմը Իսրայելի հարավ-արևմուտքում թուլացել է։ Գազայի սահմանին տեղակայված բրիգադների մեծ մասը տեղափոխվել է Լիբանանի հետ սահման, որտեղ սեպտեմբերի 17-ից նոր ռազմական գործողություններ են սկսվել՝ այս անգամ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև։ Օդային հարձակումների արդյունքում տուժել են ինչպես խմբավորման անդամները, այնպես էլ Բեյրութի հարավային արվարձանների բնակիչները։ Իսրայելի պաշտպանության բանակը տարածքը լքելու կոչեր է ուղղում տեղի բնակչությանը՝ նշելով, որ «Հըզբոլլահ»-ը նրանց որպես կենդանի վահան է օգտագործում։ Սրան զուգահեռ՝ ՑԱԽԱԼ-ը շարունակում է ոչնչացնել խմբավորման զինանոցներն ու սպանել առաջնորդներին։

Այս ամենին արձագանքում են նաև իսլամական երկրները՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները։ Իրանի խորհրդարանում փակ նիստ է տեղի ունեցել, որի արդյունքում որոշել են «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության համար վրեժխնդիր լինել Իսրայելից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ «իսլամական աշխարհը պետք է ավելի վճռորոշ քայլեր ձեռնարկի Իսրայելի դեմ»։

Սակայն պատերազմը միայն Լիբանանի տարածքը չի ընդգրկում։ Սեպտեմբերի 29-ին, մայրամուտից մի քանի ժամ առաջ, Իսրայելի պաշտպանության բանակը օդային հարվածներ է հասցրել Եմենի Հուդայդա նավահանգստային քաղաքին։ Սեպտեմբերի 30-ին արդեն սկսվել են ցամաքային գործողությունները Լիբանանի տարածքում։ Իսրայելի իշխանությունները համագործակցում և իրենց քայլերը համապատասխանեցնում են ԱՄՆ-ի հետ։