ԱշխարհՌազմական

Բեյրութի վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ

Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 12 մարդ է զոհվել և 66-ը վիրավորվել մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններից մեկում Իսրայելի օդային հարձակման հետևանքով։

Ազգային լրատվական գործակալությունը (NNA) հաղորդել է, որ ուրբաթ օրը Ջամուս փողոցի շենքի վրա հարձակման հետևանքով զոհերի թվում հինգ երեխա կա: 

Գործակալությունը հայտնել է, որ F-35 ինքնաթիռը երկու գրոհով հարվածել է բնակելի թաղամասին։

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ իրենք «նպատակային հարված» են հասցրել Լիբանանի մայրաքաղաքին՝ պնդելով, որ սպանել են «Հըզբոլլահի» գլխավոր հրամանատար Իբրահիմ Աքիլին և Ռադվանի հատուկ նշանակության ստորաբաժանման այլ բարձրաստիճան հրամանատարներին: «Հըզբոլլահը» չի հաստատել, թե արդյոք Աքիլը սպանվել է:

Իսրայելի հարձակումը երկրորդն է վերջին երկու ամսվա ընթացքում, երբ Իսրայելը թիրախ է դարձնում Բեյրութում «Հըզբոլլահի» ռազմական հրամանատարին:

Հուլիսին իսրայելական ավիահարվածի արդյունքում սպանվեց խմբավորման բարձրագույն ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրը:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ասել է, որ հարձակումը «կրկին ապացուցում է, որ թշնամին չի գնահատում որևէ մարդկային, իրավական կամ բարոյական նկատառում»: