Ադամ Շիֆը ներկայացրել է Ադրբեջանի ֆինանսական ակտիվների բռնագրավման և արցախահայերին փոխհատուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որով նախատեսվում է Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավել և դրանով փոխհատուցել բռնի տեղահանված արցախցիներին։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնարկել է ռազմական հարձակում Արցախի Հանրապետության վրա։ Զանգվածային ներծուժմանը նախորդել էր տարածաշրջանի շուրջ 1 տարվա շրջափակումը։ Ռազմական հարձակումից հետո ավելի քան 120․000 հայեր տեղահանվեցին իրենց տներից։
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների։
Փաստաթղթի կետերում նշված է, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի Արցախում ռազմական հարձակման հետևանքով պատճառված վնասների համար։ Բացի այդ, ԱՄՆ բոլոր ֆինանսական կազմակերպությունները Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակ պիտի ներկայացնեն Ադրբեջանի սուվերեն ակտիվների մասին փաստաթղեր։ Օրինագծի ընդունումից հետո 60 օրվա ընթացքում նախագահը պարտավոր է արգելափակել Ադրբեջանի ֆինանսական ակտիվների հետ կապված գործարքները, իսկ արգելափակման օրվանից 90 օրվա ընթացքում՝ բռնագանձել դրանք։ Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օր հետո ԱՄՆ նախագահը պետք է բացի հաշվեհամար՝ «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամ» անվանմամբ․ և այնտեղ հավաքագրվի արդեն փոխհատուցվելիք գումարները։
Որոշակի արգելքներ են դրվել նաև Արցախի դեմ ռազմական հարձակմանը մասնակցած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին վիզաներ տրամադրելու և անձնական ունեցվածքի հետ կապված հարցերում։