Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան
Ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի միջև պաշտոնական հանդիպումը։ Կողմերը խոսել են հայ-վրացական, տարածաշրջանային հարաբերությունների մասին, քննարկել տնտեսական, քաղաքական, կրթական և այլ ոլորտներում համագործակցության խորացման մասին։
Մենք ողջունում ենք դրական ընթացքը Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում և պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ ապահովելու տարածաշրջանային խաղաղությունը, — ասել է Կոբախիձեն։
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Նա նշել է, որ այդ գործոնը կարևոր է Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման համար։
Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած բանակացությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային Միության պետությունների ադմինիստրատիվ սահմանները, նշել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև խաղաղության համաձայնագրի դրույթներին։ Նա նշել է, որ Ադրբեջանին առաջարկվել է ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթում առկա և մինչև հիմա հաստատված դրույթները։ Փաշինյանի խոսքով՝ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանցից օգտվելու են հարևան պետությունները։