«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը մեկնելու հեռավորության վրա»․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի 79-րդ նստաշրջանի իր չորրորդ ելույթում անդրադարձել է խաղաղության պայմանագրին։ Նա ևս մեկ անգամ նշել է, որ համաձայնեցվել է արդեն համաձայնագրի առնվազն 80 տոկոսը։
Փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհետև՝ շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները։ Մենք պատրաստ ենք դա անել հիմա, — ասել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի առանձին կետերին և նշել, որ դրանք ներառում են դրույթներ խաղաղության, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չառաջադրելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, խաղաղության պայմանագրի իրագործումը վերահսկող միացյալ հանձնաժողով ստեղծելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման մասին և այլն։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային, երկաթուղային և այլ հաղորդակցությունները բացելն է, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ տարածաշրջանի միջև կապի ապահովումը, ինչպես նաև խողովակաշարերի և մալուխների անցման, և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություն ստեղծելը, — խոսքը եզրափակել է վարչապետը։
Վերջում նա նշել է, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ, որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգությունը, պարզապես իրականության ձևախեղում են։
2024 թվականի օգոստոսի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Սա կողմերի միջև առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է։ Այդ փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը ամրագրել որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք և առաջնորդվել դրանով։ Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե հաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը կարևոր գործոն է խաղաղության հասնելու համար։