ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն ստանալ 40+10 հազար դրամ աջակցությունը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն լինել շահառու 40+10 հազար դրամ աջակցությունը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում։
«Այսինքն՝ անկախ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքից՝ Դուք կշարունակեք համարվել տվյալ միջոցառման շահառու, եթե բավարարում եք ծրագրի հիմնական պայմաններին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբեր ամիսն է։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ իրականացվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին կարող եք դիմել https://housing.socservice.am/ հղմամբ։ Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ․ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և առանձին խմբերի համար»,- հայտնում են նախարարությունից։
ԼՂ-ից բռնի տեղահանվածների տվյալները կազմում են 100,625, որից Հայաստանում հաշվառվել են 94 724-ը։
Արցախցիների բաշխվածությունը, ըստ ՀՀ մարզերի, ունի հետևյալ պատկերը․
Արագածոտն՝ 4014,
Արարատ՝ 14,743,
Արմավիր՝ 10,416,
Գեղարքունիք՝ 3468,
Լոռի՝ 5496,
Կոտայք՝ 20,331,
Շիրակ՝ 3368,
Սյունիք՝ 3439,
Վայոց Ձոր՝ 1274,
Տավուշ՝ 2383։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2024 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանում 15-16 հազար արցախցի գրանցված աշխատող կա։