ՀայաստանՍոցիալական

Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացվելու են հերթապահություններ

Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքի վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության աջակցությամբ իրականացվելու է հերթապահություն։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան էջից։

Նախօրեին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ հոկտեմբերի 16-18-ը հորդառատ անձրևներ են սպասվում։ Կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար հերթապահությունը սահմանվելու է տարբեր տարածքներում հնարավոր ջրականգերը արագ վերացնելու նպատակով։

Տեղում աշխատելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» կազմակերպության աշխատակիցները, որոնց հիմնական աշխատանքը լինելու է հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումները վերացնելը։

Քաղաքապետարանը խորհուրդ է տվել անձնական օգտագործման մեքենաներ վարողներին հորդառատ անձրևների ժամանակահատվածում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պայմաններում։