Վերջին 4 տարիների ընթացքում համակարգչային հանցագործությունները օրեցօր աճում են
Օրեցօր ավելի շատ քաղաքացիներ են դառնում կիբերհանցագործությունների զոհ։ Այս եզրահանգմանը կարող ենք գալ նաև մեդիափորձագետների ահազանգերը լսելով։ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի՝ 2022-2023 թվականներին կիբերհանցագործությունները անցել են 1000-ի սահմանը և շարունակում են աճել։
Ամբողջ աշխարհում համակարգչային հափշտակությունների զգալի աճ նկատվեց հիմնականում 2020 թվականից հետո, երբ համավարակ եղավ, և մի շարք աշխատանքներ տեղափոխվեցին առցանց տիրույթ։ Նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականությունը, և այդ տեխնոլոգիաների համակցությունը հնարավորություն է տալիս հանցագործներին էլ ավելի շատ թիրախավորել քաղաքացիներին և ավելի շատ գումարներ հափշտակել։ Այսինքն՝ մեր առօրյայում ինչքան տեխնոլոգիաները շատանում են, այդքան հավանականությունը ավելի է մեծանում, որ մենք կարող ենք թիրախավորվել հանցագործների կողմից։
Թվերը միանշանակ չեն, որովհետև քաղաքացիները նման դեպքերում հաճախ չեն դիմում իրավապահ մարմիններին, և խնդիրը մնում է չբացահայտված։ Հայկ Մկրտչյանը նշեց, որ վերջին տարիներին հատկապես մեծ չափերի են հասնում ներդրումային խարդախությունները։ Գովազդների միջոցով քաղաքացիներին շահագրգռում են տարբեր հարթակներում ներդրումներ կատարել` խոստանալով մեծ շահույթներ:
Մեծ տարածում ունեն նաև ֆիշինգային եղանակով խարդախությունները։ Այս դեպքում քաղաքացիները հետևում են տարբեր հայտարարությունների և հաղորդագրությունների, որոնք ուղարկվում են նրանց սոցիալական մեդիայում։ Դրանց մեջ նշվում է, որ ինչ-որ ապրանքի հետ խնդիրներ է առաջացել և լրացուցիչ տվյալներ ճշտելու անհրաժեշտություն կա։ Խնդիրը լուծելու համար քաղաքացիները գրանցում են իրենց բանկային քարտի տվյալներն ու ենթարկվում հարձակման։
Հաջորդ եղանակը տարածվել է 2024 թվականին։ Ըստ դրա՝ քաղաքացիները տարբեր հանձնարարություններ են ստանում՝ դրանք կատարելու դեպքում վարձատրվելու պայմանով։ Արդյունքում՝ հատուկ ուղարկված հղման մեջ լրացնելով բանկային տվյալները՝ նրանք դառնում են կիբերհարձակման զոհ։
Կիբերհանցագործություններից խուսափելու համար մասնագետը հորդորել է ուշադիր լինել, ոչ ոքի չտրամադրել բանկային քարտի, հաշվի, գաղտնաբառի, մուտքանվան և այլ տվյալներ։