ՀայաստանՊատահար

Ավտոբուսի մասնակցությամբ հերթական վթարը Երևանում

Այսօր՝ հուլիսի 2-ին, Երևանի Իսահակյան-Աբովյան խաչմերուկում 11։30-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային վթար է տեղի ունեցել։ 74 համարի երթուղու ավտոբուսներից մեկն ու Toyota Camry-ն բախվել են իրար ճակատային մասով։ Ուղևորների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Մարդատարի վարորդը չի տուժել։

Պատահարից պարզ է դառնում, որ խաչմերուկում թե՛ ավտոբուսը, թե՛ մարդատարը փորձել են մուտք գործել Իսահակյան փողոց (Toyota-ն դեպի ձախ, ավտոբուսը՝ դեպի աջ)։ Մանևրը կատարելիս մեքենաները ճակատային մասով բախվել են իրար։ Շուրջ 40 րոպե անց ավտոբուսը խաչմերուկից դուրս է եկել, վնասվել էր ճակատային մասը։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին բազմաթիվ են եղել պատահարները ավտոբուսների մասնկացությամբ։ Վերջին մեծ պատահարներից մեկը 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ էր։ 8 ուղևոր այդ պատահարից տուժել էր։ Անչափահաս 2 ուղևորներից մեկը հոսպիտալացվել էր, մյուսին տրամադրվել է տեղում առաջին բուժօգնություն՝ թեթև վնասվածքի պատճառով։

Այդ պատահարի նույն օրը կրկին 23 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանին, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին։ Վթարի հետևանքով 9 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։