Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր

Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր։ Այդ մասին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ԱԹՍ-ների արդյունավետությունն ապացուցված է կիրառման հարուստ փորձով, և դրանք էականորեն կնպաստեն Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Նա նաև նշել է, որ «Արտաքին ռազմական վաճառք» (Foreign Military Sales) ծրագրի շրջանակում իրականացված գործարքը կարող է հիմք դառնալ հայ-ամերիկյան հետագա համագործակցության ընդլայնման համար։

Փաշինյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը նպատակադրված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ նաև օգտակար հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման ու մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին հայտնել է, որ Հայաստանի համար հաստատվել է 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք՝ նշելով, որ այդ ձեռքբերումը կնպաստի կայուն խաղաղությանը։

Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին և նախատեսում է հաջորդ օրը մեկնել Ադրբեջան։