ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքու մեկնելուց առաջ հաստատեց՝ հայ գերիների հարցը կքննարկվի

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ իր հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկվի Բաքվում պահվող հայ գերիների խնդիրը։ Այս մասին նա ասել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ մեկնելուց առաջ։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Վենսը հիշեցրեց նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հանդիպման ժամանակ իր լավատեսությունն է հայտնել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ նկատի ունենալով վերջին ամիսների ընթացքում իրավիճակի բարելավումը։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի՝ ներառյալ Արցախի նախկին նախագահներ, պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ: Եվս 4 գերի Հայաստան էին վերադարձել 2026 թվականի հունվարին։

ԱՄՆ փոխնախագահը նաև անդրադարձել է Հայաստանում ներդրումային ծրագրերին. ըստ նրա՝ Թրամփի և Փաշինյանի կնքած որոշ համաձայնությունների շնորհիվ նախատեսվում է մինչև 4 մլրդ դոլարի ներդրումներ, այդ թվում՝ տվյալների կենտրոնի ստեղծում, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ Այցի ընթացքում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին, ինչպես նաև այցելել Ծիծեռնակաբերդ։ Այսօր Վենսը Հայաստանից մեկնում է Ադրբեջան։