«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կմասնակցի ընտրություններին
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որոշել է միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին։ Այդ մասին կուսակցության համագումարի ընթացքում հայտարարել է քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ այս քայլը սպասված և տրամաբանական է, քանի որ վերջին վեց տարիներին «Դեմոկրատական այլընտրանք» և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների միջև ձևավորվել է ինստիտուցիոնալ համագործակցություն։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շուրջ հնարավոր կլինի ձևավորել ընդդիմադիրների մեծ դաշտ։
Ավելի վաղ՝ փետրվարի 15-ին, Մայր Հայաստան կուսակցությունը ևս հայտարարել էր, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ համատեղ՝ նույն ծրագրի շրջանակում։ Կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նշել էր, որ քննարկումների արդյունքում դրական են գնահատել «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը և պատրաստվում են մասնակցել ընտրություններին այդ ձևաչափով։ Նրա խոսքով՝ «Մայր Հայաստանը» հանդես է գալու որպես ծրագրի համահեղինակ և իր գաղափարներով ու առաջարկներով նպաստելու է դրա հարստացմանը։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախկինում հայտարարել էր, որ «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը դիտարկում է որպես քաղաքական և հանրային «Նոյյան տապան», որի շրջանակում պետք է համախմբվեն տարբեր առաջարկներ և լուծումներ։
Ազգային ժողովի ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։

