ՀՀ գլխավոր դատախազությունը նոր հայց է ներկայացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող հատուկ նշանակության հողատարածքը և դրա վրա կառուցված շինությունները, այդ թվում՝ զորանոցը։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։

Մեղադրանքի համաձայն, նշված գույքը նախկինում, 2014 թվականին, պետությունից օտարվել է երրորդ անձին՝ 8,717,184 դրամով, իսկ 2017-ին այն՝ ներառյալ զորանոցը, ընդամենը 400,000 դրամով անցել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Դատախազությունը տեսնում է գույքի անօրինական օտարման հիմք և պահանջում է վերադարձնել այն պետությանը։

Սրբազանի պաշտպաններից Տաթևիկ Սողոյանը արձագանքել է՝ նշելով, որ հողատարածքը 9 տարի առաջ երրորդ անձից Բագրատ սրբազանին փոխանցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն կառուցելու նպատակով՝ համայնքի զբաղվածության հարցերը լուծելու համար։ Սողոյանը հավելել է, որ ֆերմայի գործունեությունը 2020 թվականին Covid–ի և պատերազմի հետևանքով դադարեցվել է, իսկ վարկային պարտավորությունները դեռևս կրում է սրբազանը։

Փաստաբանը նաև հիշեցրել է, որ դատախազությունը 2023-ին արդեն փորձել է հայց ներկայացնել նույն գործարքի անվավեր ճանաչման համար, սակայն հայցը մերժվել է հայցադիմումի վաղեմության հիմքով։ Սողոյանը պնդում է, որ դատախազությունը նոր հայցը ներկայացրել է առանց վերաքննիչ դատարանի որոշման արդյունքներին սպասելու, կրկին փորձելով սահմանափակել սրբազանի իրավունքները։

Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 26-ին՝ «Սրբազան պայքար» շարժման շրջանակներում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների պատրաստման մեղադրանքով, և նրա կալանքի ժամկետը բազմիցս երկարացվել է։