ԵԱՏՄ-ում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը․ ՀՀ-ն կստորագրի համաձայնագիրը
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Համաձայնագրով նախատեսվում է կարգավորել ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առևտրի ոլորտում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը՝ մասնավորապես հեռակա կարգով ապրանքների առաջարկման և վաճառքի գործընթացները։
Փաստաթղթով սահմանվելու են էլեկտրոնային առևտրի մասնակիցների փոխգործակցության կանոնները, ինչպես նաև ապահովվելու է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ԵԱՏՄ ներքին շուկայում։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ համաձայնագիրը նպատակ ունի ստեղծել բարենպաստ պայմաններ էլեկտրոնային առևտրի զարգացման համար միության շրջանակում և ապահովել պատշաճ փոխադարձ առևտուր անդամ պետությունների միջև։
Նշվում է, որ փաստաթուղթը 2025 թվականին արդեն հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից և ուղարկվել անդամ երկրներին՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կազմակերպելու նպատակով։
Կառավարությունից նաև ընդգծում են, որ շարունակելու են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հնարավորությունների քննարկումը՝ նպատակ ունենալով զարգացնել առևտրաշրջանառությունը և ընդլայնել համատեղ ծրագրերը։

